Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նորընտիր փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի կենսագրականը, որում վերջինս մոռացել էր նշել, որ պատգամավորի օգնականն է եղել: Ներսիսյանն, ի պաշտպանություն իր մոռացկոտությանն, ասաց, որ ինքնակենսագրական տվյալները լրացնելիս նշվում է՝ ինչ պաշտոն ես զբաղեցրել, այլ ոչ թե՝ ում ենթակայության տակ կամ ով է եղել քո անմիջական ղեկավարը: Ներսիսյանը միակը չէ, ով իր կենսագրական տվյալներում ցուցաբերել է նման մոռացկոտություն, կամ ինչն էլ ավելի վատ է՝ բացահայտ կեղծ տվյալներ է ներկայացրել:
Օրինակ` շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը իր կենսագրականում մոռացել էր նշել, որ մինչ պաշտոնը ստանձնելը աշխատել էր «Լիդիան» ընկերության համար և դա հասկանալի է՝ շահերի բախումը ակնհայտ էին լինելու և նույնիսկ՝ կարող էր հովանավորչության հոտ գալ:
Տարիներ առաջ «պատահաբար» ՀՀԿ-ում հայտնված, հետագայում այդ անդամակցությունը «ֆիկտիվ» համարած, ՀՀԿ-ում եղած տարիներին իրեն հոգով-սրտով «լևոնական» հայտարարած, իսկ այսօր «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը մինչ օրս աչքի է ընկել միայն իր կենսագրականը սրբագրել-խմբագրելու գործով:
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը իր կենսագրական տվյալներում թաքցրել է բարձրագույն կրթություն չունենալու հանգամանքը:
Ամիսներ առաջ էլ մամուլը գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Ըստ հրապարակման` ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել Պապիկյանին, նա անգամ դատապարտված է եղել։ Պապիկյանը չի հերքել, որ նման դեպք իրականում գրանցվել է, սակայն դատվածությունը մարված է, և դա է պատճառը, որ այդ մասին տեղեկությունը բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից:
Մեկ տարի առաջ «Վիքիպեդիայից» կայծակնային արագությամբ հեռացվեց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ունենալու հատվածը և կախարդական փայտիկի օգնությամբ Նազենի Ղարիբյանը դարձավ միայն ՀՀ քաղաքացի, որպեսզի հաջորդ օրը նախարարության դիմաց օրենքի այդ խախտումով պոստում հայտնվելու համար բողոքի ակցիայի ականատես չլիներ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին կենսագրականում մոռացել է նշել, որ 2008-ին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը և զբաղված էր DVD սկավառակները 10 հազար օրինակով ձայնագրելով ու իր մեքենայով տարբեր գյուղերում դրանք բաժանելով:
Ղուկասյանի կենսագրության պաշտոնական տարբերակում նրա քաղաքական գործունեությունն սկսվում է 2017 թվականից: Ըստ այդ պաշտոնականի՝ նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում: Սակայն, հետաքրքիր մի փաստաթուղթ էր հայտնվել loritv.am-ի ձեռքում, որը լույս էր սփռում մարզպետի անցյալի վրա: Փաստաթուղթը պարզորոշ խոսում է այն մասին, որ Ղուկասյանը մինչ ՔՊ շարքերն անցնելը, եղել է «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ: Նույն աղբյուրի համաձայն` նա 2007-ից է սկսել իր քաղաքական գործունեությունը՝ անդամակցելելով ՀՅԴ-ին: Մինչդեռ կա 2016 թվականին գրված նրա դիմումը, որը նրա կամքին հակառակ, պահպանվել ու հասել է «մեր օրերը»: ՀՅԴ-ից դուրս գալու դիմումը գրելիս Ղուկասյանն արդեն վաղուց ՔՊ-ական էր... բայց, որ ամենաէականն է՝ այդ ժամանակ ՀՅԴ-ն այլևս իշխանության մաս չէր կազմում: Այսինքն՝ Ղուկասյանն այլևս մեծ հույսեր չէր կարող կապել ՀՅԴ անադմակցության հետ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կենսագրության մեջ մոռացել է նշել 2012թ. «Ժողովրդական Հայաստան» անվանմամբ կուսակցություն հիմնելու մասին, որի համահիմնադիրն ու փոխնախագահն էր ինքը: Մոռացկոտությունն էլ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Հայրապետյանի կուսակցությունը այն ժամանակ սատարում էր Սերժ Սարգսյանին:
Ինչպես երևում է, հեղափոխական պաշտոնյաները լուրջ սթրես են տանում իրենց քաղաքական անցյալից և ամեն հնարավոր և անհնար միջոցներով փորձում են հանրությանը մոլորության մեջ գցելով թաքցնել իրենց կենսագրության կնճռոտ կետերը և դրվագները, որպեսզի այդ նույն հանրության համար հանկարծ պարզ չդառնա, որ երեկ նախկիններին մերժողները դեռ երեկ չէ առաջին օրն այդ նույն նախկինների հետ սերտորեն համագործակցում էին , նույնիսկ՝ սատարում…