Միացյալ Թագավորության երկու նախկին վարչապետները միավորել են իրենց ջանքերը' օրենսդիրներին կոչ անելով հրաժարվել Եվրամիության հետ Brexit-ի գործարքը մերժելու կառավարության ծրագրերից' պատճառաբանելով, որ դա սպառնում է աշխարհին եւ վնասում է ՄԹ հեղինակությանը:
The Sunday Times-ի հոդվածում Զոն Մեյջորը եւ Թոնի Բլերը Բրիտանիայի ներկայիս կառավարությանը մեղադրել են նրանում, որ այն խայտառակում է երկիրն օրինագծով, որը տեղ-տեղ հակասում է ԵՄ-ից Միացյալ Թագավորության սահուն ելքն ապահովելու համար դրա ստորագրած պայմանագրին:
Մեյջորը եւ Բլերը հայտարարել են, որ վարչապետ Բորիս Զոնսոնի' ներքին շուկայի մասին օրինագիծը «կասկածի տակ է դնում Բրիտանիայի բուն ամբողջականությունը»:
«Այս կառավարության գործողությունները խայտառակում եւ անհարմար վիճակի մեջ են դնում մեր երկիրը»,- ասել են նրանք: Նշված օրենքը, որն այս շաբաթ կքննարկվի Մեծ Բրիտանիայի օրենսդիրների կողմից, կատաղի բողոքների առիթ է դարձել ԵՄ-ում, քանի որ այն կթուլացնի նախկինում համաձայնեցված ԵՄ վերահսկողությունը Միացյալ Թագավորության մայրցամաքի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ առեւտրի նկատմամաբ, քանի դեռ չի կնքվել Միացյալ Թագավորություն-ԵՄ առեւտրային համաձայնագիրը:
Բրիտանիայի կառավարությունը խոստովանել է, որ օրենքը կխախտի միջազգային իրավունքը, սակայն պնդում է, որ դա ապահովագրություն է' հավանական մերժման սցենարի դեպքում: Զոնսոնը հայտարարել է, որ այդ օրենքն անհրաժեշտ է Իռլանդական ծովում «շրջափակում» մտցնելու ԵՄ սպառնալիքներին վերջ տալու համար, ինչը, ըստ վարչապետի, կարող է «բաժանել երկիրը»: