Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դժվար չէ պատկերացնել, թե պատերազմն ինչպիսի ընթացք կունենար, եթե այն սկսելու առաջին իսկ պահից հանդիպեին և ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի շուրջ սեփական փորձն ու մոտեցումներն իրար հետ կիսեին Հայաստանի և Արցախի հանրապետությունների ներկա և նախկին բոլոր առաջնորդները:
Կարծում եմ՝ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն ու ականատեսը կդառնայինք նաև, եթե մարտական գործողությունների հենց առաջին օրերից օպերացիաների մշակման ու պլանավորման նույն սեղանի շուրջ հավաքվեին երեկվա պատերազմում հաղթած, իսկ այսօր պահեստազորում գտնվող գեներալներն ու զորավարները և իրենց իմացություններով ու վաստակած հեղինակությամբ նոր շունչ և ոգի տային ռազմաճակատի ամենադժվար հատվածներում մարտնչող մեր այսօրվա հրամանատարներին ու շարքայիններին:
Անկասկած է, որ այս պարագայում մենք կդառնայինք ավելի հզոր ու անխոցելի, անգամ, եթե մեր դիմաց կանգնած է ադրբեջանա-թուրքական դաշինքն՝ իր վարձկան գրոհայիններով հանդերձ: Ինչևէ, չնայած ուշացումով, բայցևայնպես անչափ դրական եմ համարում հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումը և ակնկալում հաղթանակ բերող համահավաք մտքի ծնունդ»: