Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են բացատրություն տալու՝ որոշակի հարցերի շուրջ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Զաքարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։
«Որևէ բացատրություն չի տվել, որևէ գործողություն չի կատարվել, հետևաբար փաստաբանի մասնակցության անհրաժեշտություն չկար, դրա համար բովանդակային առումով չգիտեմ՝ ինչ զրույց է եղել։ Քրեական գործի շրջանակում չի հրավիրվել, որ փաստաբանը մասնակցեր»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Իշխան Զաքարյանը դուրս է եկել ԱԱԾ-ից, բայց հանդիպելու են ավելի ուշ․ «Հետո ենք հանդիպելու, որովհետև հրատապություն, անհանգստացնող խնդիր չկար»։
Մեզ հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, թե ինչու է Իշխան Զաքարյանը հրավիրվել ԱԱԾ․ «Տվյալ հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ անհրաժեշտության արդյունքների հետ կապված՝ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեց նա։
Ավելի վաղ, hraparak.am-ը գրել էր, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Ըստ կայքի տեղեկությունների՝ բերման էին ենթարկվել Իշխան Զաքարյանը, իր որդին և եղբայրը։ Ինչ վերաբերում է վերջիններիս բերման ենթարկելուն, ապա Զաքարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանն ասաց, որ վերջիններիս մասին ինքը տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Զաքարյանը կրկին հրավիրվել էր ԱԱԾ՝ ընտրակաշառքի հայտնի քրեական գործով հարցաքննության։
Սոնա Հարությունյան