Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգևատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին և թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին:
Իշխան Զաքարյանը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:
«Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայկականությունը մեր մեջ է»,- ասել է Զաքարյանը:
Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին:
«Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- նշել է Աշոտ Սողոմոնյանը:
Թաթա Սիմոնյանը կարևորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում:
«Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից. դա շատ կարևոր է»,- ասել է Թաթան:
Արման Հովհաննիսյանը Համահայկական խաղերը որակել է որպես հայրենասիրական մեծ նախաձեռնություն և նշել, որ մեծ սիրով է մասնակցում Համահայկականի միջոցառումներին:
«Անբացատրելի զգացողություններ եմ ունենում, երբ մասնակցում եմ Համահայկական խաղերին: Շատ շնորհակալ եմ Իշխան Զաքարյանին և մյուս կազմակերպիչներին»,- ընդգծել է Արման Հովհաննյսյանը:
Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունեցել օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցել են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզականպատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը կայացավ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբանն էր՝ «Միասնություն՝ սպորտով»: