Կապանի ոստիկանության պետն ու տեղակալն ազատվել են աշխատանքից։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Նշանակված է եղել ծառայողական քննություն, որի արդյունքում պետն ու տեղակալն ազատվել են պաշտոնից։ Այս պահին երկու պաշտոններն էլ համալրված են, Կապանի ոստիկանությունն աշխատում է իր բնականոն հունով»,- ասաց նա։
Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե մեծ թվով օպերլիազորներ են աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ Գաբրիելյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ըստ մամուլում տարածված լուրերի, Կապանի ոստիկանապետն ու տեղակալն աշխատանքից ազատվել են «ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու համար»։ Կապանի ոստիկանությունում լարված մթնոլորտ է սկսել այն բանից հետո, երբ ոստիկանապետ Ավետ Հովհաննիսյանին տեղափոխել են Սիսիանի ոստիկանության բաժին, իսկ նրա փոխարեն ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կապանի բաժնի պետ է նշանակել իր մտերիմին՝ Սենիկ Երանոսյանին։ Այնուհետև վերջինիս ևս ազատել են և Կապանի ոստիկանապետ նշանակել Զորիկ Վարդանյանին:
Ինչ վերաբերում է օպերների՝ աշխատանքից ազատման լուրերին, ապա ըստ մամուլի հրապարակումների՝ պայմանավորված է եղել Կապանի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։
Ոստիկանություն կադրային փոփոխությունները պայմանավորված է դեռևս մայիսի վերջին Կապանում տեղի ունեցած իրադարձություններով, երբ մի քանի անձի բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ վերջիններից հարազատները պնդում էին, թե նրանց ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Սակայն ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։