Երևանցիների մոտ խուճապային տրամադրություններ են․ Սուրբ Զատիկի տոնը մոտենում է, սակայն, որոշ խանութներում ու սուպերմարկետներում ձու չկա, լինելու դեպքում էլ՝ դրանց միջին գինը հասնում է 100 դրամի։ Թե ո՞րն է ձվի գնի բարձրացման պատճառը, պարզեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել ձվի շրջանառության ոլորտում․ «Տեղեկացնեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ, ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից»,- պարզաբանեց խոսնակը:
Նա տեղեկացրեց նաև, որ ՏՄՊՊՀ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները, և այս պահին հարցումներ են ուղարկվում ոլորտում գործող ընկերություններին, որոնք ուղղված են շուկայում տիրող ներկայիս վիճակը բացահայտելուն:
Ի դեպ, գնաճը մթերային շուկայում աննախադեպ է, թանկացումները միայն ձվով չեն սահմանափակվում։ ՏՄՊՊՀ մասմուլի խոսնակը նշեց, որ խոշոր առևտրային ցանցերում ավելի քան 90 ապրանքների գծով՝ այդ թվում ձվի, ամենօրյա դիտանցումներ են իրականացվում:
Սոնա Հարությունյան