Ամուլսարի շահագործմանը կողմ համայնքների բնակիչները այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Հավաքվածները Գնդեվազ գյուղից են, որոնք Ամուլսարում աշխատանքներ են իրականացնում: Նրանք հավաքվել են պատգամավորներին խնդրելու, որ չֆինանսավորեն ցուցարարներին, վերջիններս էլ իրենց հերթին՝ չխանգարեն Ամուլսարի աշխատակիցներին. «Պատգամավորները թող գյուղացու, աշխատող մարդուց հարցում անեն, նոր որոշումներ կայացնեն: Իսկ եթե նրանք ուզում են այդ կերպ ձայն հավաքել՝ չեն կարող, քանի որ ձայն տվողը աշխատող մարդն է: Կխնդրեի, որ ընդդիմադիր պատգամավորները ցուցարարներին՝ իբր բնապահպաններին, չֆինանսավորեն, որ իրենք էլ չգնան, էնտեղ կանգնեն: Ցուցարարները գալիս, մեր ճանապարհը փակում են, մենք էլ ստիպված ուրիշ ճանապարհով ենք գնում: Ես 2 տարի չեմ աշխատել այդ հանքում, և արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք 2 տարի չեն աշխատել ու կարողանում են իրենց ընտանիքները պահել»,- նշեց բողոքի ակցիա իրականացնող Վիրաբ Հովհաննիսյանը:

Մեկ այլ ցուցարար էլ նշեց, որ պատգամավորները, որոնք նաև «Իմ քայլը»-ից , փորձում են օգտագործել համայնքի բնակիչներին՝ դիվիդենտներ քաղելու համար. «Ներկայացնում են՝ իբր համայնքի բնակչությունը դեմ է հանքին, և չեն ուզում, որ աշխատենք: Մենք կոչ ենք անում բնապահպաններին, որ չխոսեն մեր անունից, իբր Ամուլսարի հարակից համայնքների բնակչությունը դեմ է հանքի շահագործմանը: Հարակից համայնքներից մոտավորապես 100 աշխատակից այս պահին իրականացնում է ներքին հարդարման գույքագրման աշխատանքներ: Հետագայում այդ 100 աշխատակցի թիվը կրկնապատկվելու և քառապատկվելու է: Բոլորին կոչ ենք անում համագործակցել մեզ հետ»,- ասաց Ամուլսարում աշխատանքներ իրականացնող Նարեկ Հովհաննիսյանը: