ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը:
Այժմ իրականացվում է Ամուլսարի ծրագրի շինարարությունը:
Բնապահպանները և փորձագետները շարունակաբար բարձրաձայնում են Ամուլսարի ծրագրի կապակցությամբ իրենց մտահոգությունները, մասնավորապես այն, որ ծրագիրը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները։ Ըստ փորձագետների՝ Ամուլսարի նախագիծն ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Նշված թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:
Ինչպես բխում է ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններից, արդի դարաշրջանում սոցիալ-իրավական պետությունն իրականացնում է որոշակի ընդհանուր և հանրորեն անհրաժեշտ գործառույթներ ներքին և արտաքին ոլորտում: Այդպիսի գործառույթներից մեկն էլ էկոլոգիական (բնապահպանական) գործառույթն է' որպես պետության գործունեության հիմնական ուղղություններից մեկը:
Սահմանադրությամբ ամրագրված այդ գործառույթի ներգործության օբյեկտներն են շրջակա միջավայրը և բնական պաշարները: Հասարակության առջև կանգնած խնդիրն է ապահովել մարդու կյանքի համար բնական, էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրի պայմաններ:
Պետությունը պարտավոր է ձեռնարկել շրջակա միջավայրի պահպանությանը, վերականգնմանը և բարելավմանն ուղղված միջոցառումներ, ապահովել բնական ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը, ինչպես նաև չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վտանգել շրջական միջավայրը:
Հաշվի առնելով մեր քաղաքացիների առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ստեղծում է կամավոր փաստաբանների խումբ, ովքեր անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն քաղաքացիներին, այդ թվում՝ բնապահպաններին:
Իրավաբանական օգնությունը ներառելու է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքի և բնապահպանական թույլտվությունների տրամադրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման, ինչպես նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված այլ ընթացակարգերի պահպանման ուղղությամբ ուսումնասիրությունները և իրավաբանական խորհրդատվությունը»,- գրել է Արա Զոհրաբյանը: