ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր: