«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր' պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։
Իսկ Սահմանադրությունը պատերազմի եւ խաղաղության հաստատումը սահմանում է 118-րդ հոդվածով, ըստ այդմ՝ «ԱԺ-ն՝ կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում», ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում «պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը»:
Փաստ է, որ ո՛չ ԱԺ-ն է նման որոշում ընդունել, ո՛չ կառավարությունը՝ մենք գործ ունենք բանավոր հայտարարությունների հետ, որոնք չեն կարող հիմք դառնալ, որ վարչապետը հռչակվի ՀՀ գերագույն հրամանատար։
Սա նշանակում է, որ ԶՈՒ պատասխանատուն շարունակում են մնալ ՀՀ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբը։ Այսինքն, մի խելքը գլխին իրավաբան չկա, որ հուշի իմքայլականներին՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որ իրենց ֆեյսբուքյան էջերը չողողեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով՝ վերնագրելով՝ «գերագույն հրամանատարը»։
Կամ էլ գուցե գիտեն, բայց հաճոյանում են առաջնորդին։ Աբսուրդն այն է, որ այս արտահայտությունն օգտագործում են նաեւ ընդդիմադիրները․ Էդմոն Մարուքյանը եւ նրա կուսակիցները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձեւակերպմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում