Երեկ՝ ապրիլի 2-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի բնակիչ 42-ամյա Նորիկ Միրզախանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա ոստիկանություն է ներկայացել ոստիկանության Նոր Նորքի բաժնի, նույն բաժնի քննչական բաժնի և Երևանի քննչական վարչության աշխատակիցների կողմից բացատրական աշխատանքի արդյունքում և ներկայացրել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով մարտի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում 5-րդ զանգվածի 159 ավագ դպրոցի հետնամասի խաղահրապարակում նա կրակել էր Գալշոյան 28 շենքի բնակիչ 45-ամյա Սարգիս Սողոմոնյանի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 26-ին, կրակոց էր հնչել Նոր Նորք վարչական շրջանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել, որ 5-րդ զանգվածի՝ Երևանի համար 159 ավագ դպրոցի հետնամասի խաղահրապարակում կրակոց էր հնչել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանները նշված դաշտում հայտնաբերել էին մեկ կրակված «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճ և արյան հետքեր:
Օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել էր, որ նշված հատվածից ձախ ոտքի ծնկի ստորին հատվածում ստացած հրազենային վնասվածքով և գլխի մասում ստացած հարվածի վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Գալշոյան 28 շենքի բնակիչ 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը, ով արդեն վիրահատվել էր և գտնվում էր ոստիկանության և բժիշկների հսկողության տակ:
Տեղում էին նաև Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանները օպերատիվ-հետախուզական-քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել էին դեպքի որոշ հանգամանքներ և ձեռնարկում էին օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ՝ կրակոց արձակած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ժորա Թովմասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 112 հովածի 1-ին մասին (Ծանր մարմնական վանսվածք հասցնելը) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի