Ադրբեջանը, չունենալով որևէ հաջողություն ռազմադաշտում, անցել է իր համար առավել հարազատ մարտավարությանը՝ ներքին սպառման համար կեղծիքներ տարածելուն: Սակայն, հայկական կողմը անչափ օպերատիվ կերպով կարողանում է կոտրել ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած միֆերը:
Դիցուք՝ օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն էր տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Սակայն, որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Փաստորեն, հարևանները Տոչկա Ու-ն չեն տարբերում Սմերչից:
Դրանից հետո, ադրբեջանական տարբեր աղբյուրներ Արցախում ընթացող ռազմական գործողություններում իրենց «ռազմական հաջողությունները» տեսանելի դարձնելու նպատակով միանգամից երկու տեսանյութեր տարածեցին։ Նախ, Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ջաբրայիլ (Մեխակավան) քաղաքը և մի քանի գյուղեր։ Չնայած այդ պնդումը հերքվեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից, ադրբեջանական իշխանամերձ haqqin.az կայքը հրապարակեց մի տեսանյութ, որում, իբր, երևում է «ազատագրված» Ջաբրայիլ քաղաքը։ Տեսանյութը, իբր, նկարահանել էր լրագրող Վահիդ Մուստաֆաևը: Չնայած տեսանյութում երևում են Խոդա Աֆարինի կամուրջները, որն իսկապես Ջաբրայիլի շրջանի տարածքում է, բայց նկարահանումն արվել է Իրանի տարածքից, և այդ մասին գրված է նաև haqqin.az-ի հոդվածում։ Հետևաբար, Իրանի տարածքից արված տեսանյութը չի կարող դիտարկվել որպես ապացույց այն բանի, թե ադրբեջանական բանակը գրավել է Ջաբրայիլը: Ըստ Google Earth ծրագրի` տեսանյութում երևացող հատվածը Ջաբրայիլ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այսինքն՝ նույնիսկ եթե տեսանյութը արված լիներ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, դա որևէ կերպ չէր կարող ցույց տալ Ջաբրայիլի գրավումը, քանի որ տեսանյութում երևում է ընդամենը լքված մի գյուղ։
Ադրբեջանական կողմի երկրորդ «ապացույցը» վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Ադրբեջանական մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ որոշ տելեգրամյան ալիքներ և Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը, մի տեսանյութ տարածեցին, որում, իբր, երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։ Իրականում, սակայն, այս տեսանյութը արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Տեսանյութում իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ հրթիռներն արձակվել են Հայաստանի տարածքից, որի համար որևէ ապացույց չեն ներկայացրել։ Այս պնդումը նաև պաշտոնապես հերքվեց ՀՀ ՊՆ խոսնակի կողմից։
CNN-ի թուրքական ծառայությունը, փորձելով արդարացնել Սիրիայից բերված ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք ներկայումս էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ, հրապարակեց նաեւ 2019 թվականին արված լուսանկար՝ շարունակելով պնդել, թե Արցախում ադրբեջանցիների դեմ կռվում են ՔԱԿ «ահաբեկիչները»։ Սակայն, պարզվեց, որ այս լուսանկարն էլ իրականում արվել է Սիրիայում եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից մեկ դրվագ։
Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը, վիրավորում է ստացել։ Զավեշտալին այն էր, որ այդ նույն պահին Արցախի նախագահը ուղիղ եթերով դիմում էր ժողովրդին: