Հայաստանի խորհրդականները շարունակում են ակտիվ սոցցանցային գործունեություն վարել՝ տարատեսակ ակցիաներ կազմակերպելով և կոչեր հղելով: Հիմնականում այդ կոչերը վերաբերվում են հանգանակություն կատերելուն: Չնայած ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն զարկ են տալիս կրեատիվին և տարատեսակ աջակցության ակցիաներ անում' ի պաշտպանություն մեր բանակի: Ինչ խոսք, պատերազմից հետո գուցե դա ողջունելի քայլ լիներ, սակայն ոչ հիմա: Այժմ, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում հանգամանքը, որ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը առաջարկում է կաթսաներով ակցիա կազմակերպել, սակայն համացանցում համընդհանուր պարսավանքի արժանանալուց հետո հայտարարում է, որ թերևս այդ մտքից հրաժարվեն:
Իսկապես, սոցապ նախարությունը այս պահին ունի շատ ավելի կարևոր անելիքներ, օրինակ՝ Արցախից մազապուրծ եղած մեր հայրենակիցների կացարանների հարցերը լուծելով, քանի որ այդ հարցերով այսօր զբաղվում են հիմնականում կամավորականները: Պատգամավորներից մյուսը՝ Վարազդատ Կարապետյանը, կոչ է արել գործարարներին լայն բացել քսակները և գումար նվիրաբերել հայոց բանակի կարիքները հոգալուն: Իհարկե , սա կոչ է, որին պետք է միանանանք բոլորս, հենց այդ է՝ բոլորս, իսկ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, կարծես, չի շտապում լայն բացել իր պարգևատրումների քսակը, ինչպես և չեն շտապում իր գործընկերները:
Արմավիրի քաղաքապետն էլ, օրինակ, գրառում է անում, որ դպրոցականները ամեն ինչով փորձում են օգնել հիմնադրամին, գումար են հավաքում: Պարզապես հարց է առաջանում՝ իսկ քաղաքապետարանը կիսո՞ւմ է դպրոցականների ոգևորությունը;
Այս ֆոնին ուշագրավ է, որ օրինակ' Լեհաստանի խորհրդարանի պատգամավորը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է Հայաստան Համահայկական հիմնադրամին: Իսի լե Մուլինո քաղաքը, որն ավելի քան 30 տարի Սուրբ Էջմիածնի քույր քաղաքն է, հինգշաբթի երեկոյան օգնություն կփոխանցի Հայաստանին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով, խոսքը շուրջ 70 հազար եվրոյի մասին է: ԱՄՆ սենատորներ, կոնգրեսականներ, եվրոպական երկրների հայտնի քաղաքական գործիչներ այսօր քարոզչական ահռելի մեծ աշխատանք են կատարում Արցախի շահերը պաշտպանելու համար, իսկ մեր նախարարները օրինակ՝ կաթսայով ակցիաներ են առաջարկում իրականացնել: Ինչպես ասում են՝ մի բան այն չէ, կամ ինչ-որ մեկը իր տեղում չէ, բայց այդ մասին՝ հաղթանակից հետո: