Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանաձևն ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ:
Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են, արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական լեզվով խրախուսում է Ադրբեջանին` շարունակել պատերազմը, գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ, կոչ է անում կառավարությանը` դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ: