Երեկ ադրբեջանական զինված ուժերը թիրախային հրթիռային երկու հարված են հասցրել հայկական ճարտարապետության պատմական խորհրդանիշներից մեկին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին: Հրթիռային առաջին հարվածից քիչ անց Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի Մայր տաճարին հասցրել են երկրորդ թիրախային հարվածը: Հարվածների արդյունքում տաճարին պատճառվել է մեծ ավերվածություն:
Առաջին հրթիռի հարվածի պահին Մայր տաճարի նկուղում են գտնվել միայն երեխաներ, կանայք ու տարեցներ: Քանի որ առաջին ու երկրորդ հրթիռային հարվածների միջև ժամանակային ընդմիջումը եղել է չափազանց կարճ՝ երկրորդ հրթիռային հարվածի պահին երեխաների, կանանց ու տարեցների մի մասը դեռ եղել է տաճարի նկուղում:
Իհարկե, աշխարհը այս քայլը անպատասխան չի թողել: Մասնավորապես՝ ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների գծով հանձնաժողովը իր խորը մտահոգությունն է հայտնել սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ: Հանձնաժողովը կոչ է արել պահպանել կրական և մշակութային արժեք հանդիսացող ժառանգությունը՝ հատկապես բռնության էսկալացիայի այս փուլում:
Մայր Աթոռը կոչ է արել եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային պահպանման։
Եվրոպական Եկեղեցիների Համագումարի Գլխավոր քարտուղար Յորգեն Սկով Սորենսենն ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ Եվրոպական եկեղեցիները խորապես ցավում են առկա հակամարտության կապակցությամբ և աղոթում երկու հարևան երկրների միջև ծագած խնդրի արագ և վերջնական լուծման համար:
Հասկանալի է, որ հարվածելով սրբատեղին՝ Ադրբեջանը մեկ նպատակ էր հետապնդում՝ հոգեբանական հարված հասցնել հայ ժողովրդին և կոնֆլիկտին տալ կրոնական երանգ` սադրելով հայկական կողմին գնալ նմանատիպ քայլերի: Սակայն, հայկական զինված ուժերը երբեք չեն թիրախավորել և չեն թիրախավորում հակառակորդի սրբատեղիները, մշակութային կենտրոնները, քանի որ հայկական զինված ուժերի խնդիրը մեկն է՝ ապահովել արցախի բնակչության խաղաղ գոյությունը իր պատմական հայրենիքում: