Ես հիմա էլ եմ ասում, որ ՍԴ դատավորի պաշտոնն ավելի գրավիչ է, քան ՍԴ նախագահինը, սակայն այս իրավիճակում, չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց մենք պարտավոր էինք ընտրել ՍԴ նախագահ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը։
«Ես այս առումով իմ կարծիքը չեմ փոխել, ինչպես տեսնում եք՝ առանձնապես ոգևորված չեմ, որ ընտրվել եմ ՍԴ նախագահ, քանի որ դա մեծ պատասխանատվություն է։ Երևի պատկերացնում եք, թե ինչ տեսակի աշխատանք է մեզ առաջիկայում սպասվում»,-ասաց Դիլանյանը:
Հարցին՝ ինչպես է պատկերացնում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախկին նախագահի հետ համատեղ աշխատանքը՝ մա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի»։
Անդրադառնալով փոխնախագահի թեկնածուներին՝ նա ընդգծեց, որ իր համար չկան նախընտրելի թեկնածուներ։ «Վաղը կառաջադրվեն թեկնածուներ՝ կքննարկենք։ Հիմա այդքան էլ կոռեկտ չի լինի որևէ մեկին քննարկելը»։
Դիտարկումներին, թե կարելի է ՍԴ նախագահի ընտրությամբ ՍԴ -ի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարված համարել՝ նա ասաց, որ իր հայացքն ուղղում է ապագային։ «Մենք ամեն ինչ անում ենք, որ ունենաք ժողովրդի վստահությունը վայելող ՍԴ»։