Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությամբ խորհրդի նախագահ չի ընտրվել, իսկ տարիքով ավագ անդամը ավագության սկզբունքով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարականի դիմում է ներկայացրել. այսպիսով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը: Այս մասին հայտնում է ԲԽԴ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:
Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը»,-հայտնել են ԲԴԽ-ից:
Խորհրդից միևնույն ժամանակ խորհրդից տեղեկացրել են, որ տարիքով ավագ անդամ՝ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:
Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:
Հուլիսի 1-ին ԲԴԽ-ից հայտնել էին, որ Գագիկ Ջհանգիրյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: