ArmDaily.am-ը գրում է․

«Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի այսպես կոչված երկրորդ ալիքը։ Արդեն երեք օր է ինչ վարակակիրների թիվը մեկ օրում գերազանցում է 1000-ը։ Այսօր ՀՀ-ում գրանցվել է ռեկորդային 1465 նոր դեպք, ինչը շատերը կապում են երկրում պատերազմական իրավիճակի հետ, քանի որ քաղաքացիների մոտ այժմ հուզական ֆոնը շատ մեծ է, շատերը չեն կրում դիմակ՝  նշելով, թե դրա ժամանակը չէ, տուգանվելիս էլ նշում են՝ մեր տղաները առաջնագծում են, թիկունքում մեզ տուգանում են, չհասկանալով, որ թիկունքում էլ մեկ այլ պատերազմ է՝ Covid-19-ի տեսքով, որին հաղթելը նույնպես շատ կարևոր է։

Կորոնավիրուսի համաճարակային կանոնները պահելու մասին տարբեր հարթակներում խոսում են պաշտոնյաները, քաղաքացիներ, ակտիվիստներ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ կոչով, նշելով, որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, պետք է կրել դիմակ և փրկել կյանքեր։ Թորոսյանի և այլ պաշտոնյաների կոչից հետո համացանցում սկսվեց տարածվել նախարարի Արցախում արված լուսանկարը, որտեղ վերջինս առանց դիմակ է։ Օգտատերերը քննարկում են, որ Արսեն Թորոսյանը բոլորին հորդորում է կրել դիմակ, քաղաքացիները տուգանվում են այն չդնելու, պախարակվում սոցցանցերում համաճարակային նորմերը չպահպանեու համար, իսկ ԱՆ նախարարը պատերազմական այս իրավիճակում վտանգում է շատերի կյանքը։

ArmDaily.am-ը կապ հաստատեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու լուսանկարի շուրջ քննարկումների մասին։ «Նախարարը պատերազմական իրավիճակում եղել է Արցախում և վիրավորներին անձամբ տեղափոխմամբ է զբաղվել։ Նախարարը կորոնավիրուսային հիվանդություն չունի, եթե անհրաժեշտություն լինում է թեստավորում անցնում է»։