Վերջին օրերին նախահարձակ լինելուց և հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր տալուց հետո ադրբեջանա-թուրքական տանդեմը էլ ավելի ակտիվ կերպով է փորձում հիմարացնել սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը: Իլհամ Ալիևի վերջին գլուխգործոցներից մեկն էլ փորձն էր հայկական բանակին փախչողի կարգավիճակում ներկայացնել: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում էր իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:
Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս շարքից է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջերս տարածված ապատեղեկատվությունը: Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, եւ լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:
Day.az, oxu.az, baku.ws և այլ ադրբեջանական լրատվակայքեր «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված էին հրապարակել՝ որպես ապացույց կցելով դեռևս 2019 թվականին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Սիրիայում «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից լուսանկար։
Derin Dusunce-ը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչի լուսանկարը ու նշել՝ «սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում»։ Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր էր «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից։ Ապատեղեկատվությանն արձագանքել էր նաև ինքը՝ Բիկովիչը։
Թուրքական CNNTÜRK-ը 8-րոպեանոց նյութ էր պատրաստել Արցախում «կռվող» ՔԱԿ զինյալների մասին։ Ռեպորտաժի ընթացքում հրապարակել էին կադրեր, որտեղ իբրև ՔԱԿ զինյալները «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ կռվում են Արցախում։ Հրապարակված երկու լուսանկարներն էլ կեղծ էին։ Առաջին դեպքում հեղինակները կոլումբիական ազգային բանակի (FARC) դրոշը շփոթել էին ՀՀ եռագույնի հետ։ Երկրորդ լուսանկարը, որն «ապացուցում էր» զինյալների՝ Արցախումը կռվելը, կրկին 2019 թվականին Սիրիայում «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից արված լուսանկար էր։
Ադրբեջանական «ապացույցներից» մյուսն էլ վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Այս առիթով տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։ Տեսանյութը իրականում արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Այնտեղ իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։
Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն էր տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, կեղծ էր, լուսանկարն էլ՝ հին: