Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրեց հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։
ԱԳՆ հաղորդմամբ՝ դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ հետևյալ խնդիրներին․
Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրավորված բլիցկրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի, առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերի և համաձայնությունների չհարգելու նախկին դեպքերը։
Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը էլ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով։
Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրեց Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրեց, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են մշտական կյանքի սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։
Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։
Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ․
Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն արեցին՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։
Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախ և առաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկ ընդ միշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։
Թուրքիայի ներգրավվածություն.
Հանգամանալից ներկայացրեց թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։
Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։
Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվեց այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։
Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։
Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատեց հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը։
Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին.
Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։
Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։
Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում:
Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվի աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավվումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։
Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնացնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի։
Եզրակացնելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։