ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցելու փաստը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' հրապարակելով հանդիպման լուսանկարը: «ԵԱՀԿ մշտական խոհուրդը քն նարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը' ներառյալ ուղղաթիռի խոցման երեկվա միջադեպը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրել է Ուորլիքը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զր ույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:
Ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել ու կատարվածը դատապարտել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Իսկ Ջեյմս Ուորլիքն այսօր կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին բացառել պատերազմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ հակամարտությունը որեւէ մեկի շահերից չի բխում:
Մշտական խորհուրդը որոշում կայացնող մարմինն է, որում ներկայացված են կազմակերպության բոլոր 57 մասնակից պետությունների և 11 գործընկեր պետությունների ներկայացուցիչները: Այն գումարվում է յուրաքանչյուր շաբաթ Վիեննայում՝ քննարկելու զարգացումները ԵԱՀԿ տարածաշրջանում և կայացնելու որոշումներ: