Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երկու խոսք ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու 13 հայաստանյան կուսակցությունների այսօրվա առաջարկության մասին։
Արտակարգ կառավարման մարմին ստեղծել գուցե և իսկապես արժի, թեև այդպիսի գործառույթներ կարող է իր վրա վերցնել նաև եղած պետական մարմինների որոշակի վերադասավորումը։ Բայց կարևորը կից առաջարկությունն է, ըստ որի այդ շտաբում վճռորոշ խոսք են ունենալու «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահները, վարչապետները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձինք»։
Ես կտրուկ դեմ եմ գաղափարապես (ու նաև շատ այլ առումներով) այսպիսի խայտաբղետ կազմ ունեցող որևէ պետական ղեկավար մարմնի ստեղծմանը։ Նախ, այդ բոլոր նախկինները դեռևս երբեք պարզ ու հստակ չեն հայտարարել, որ իրենք դեմ են Ադրբեջանին տարածքային զիջումներ կատարելու փորձերին։ Իրականում, հե՛նց իրենք են Բաքվի ֆաշիստների հետ շարունակաբար բանակցել «տարածքներ կարգավիճակի դիմաց» կամ նույնիսկ «տարածքներ խաղաղության դիմաց» կործանարար սկզբունքներով, այն է՝ Մադրիդյան կամ Կազանյան անընդունելի փաստաթղթերի շուրջ։ Ուրեմն որո՞նք են այն երաշխիքները, որ ներկա պատերազմական իրավիճակում ստանալով կառավարման ռեալ լծակներ, այդ նույն խորապես ձախողված դեմքերը չեն շարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց սնանկացած ուղեգիծը։ Այդպիսի երաշխիքներ չկան։ Կրկնում եմ, նրանցից որևէ մեկը չի բացառել տարածքներ զիջելու սցենարը։
Նշված գործիչներին պետական մի նոր, անհասկանալի ընթացակարգ ունեցող, ծանրաշարժ և օրենքով չնախատեսված մարմնի մեջ ընդգրկելու վտանգները չափազանց մեծ են՝ սկսած այդ անձանց միջև եղած անձնական ատելության և անբարյացակամության քայքայիչ հանգամանքից վերջացրած հնարավոր սխալ որոշումների պատասխանատվությունն այդ անհավանական թմի բոլոր անդամների մեջ տարրալուծելու (դիֆուզիայի ենթարկելու) անխուսափելի հետևանքից։ Այնինչ այս վճռորոշ պահին պետությունը պետք է ունենա ամեն ինչի համար պատասխանատու ընդամենը մի քանի անձ՝ ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ։
Այս ամենով հանդերձ, ես համոզված եմ, որ հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը պետք է իսկապես իր կառավարության և աշխատակազմի կազմում շուտափույթ կերպով կատարի լրջագույն կադրային փոփոխություններ՝ ներգրավելով փորձառու և հարգանք վայելող մի շարք մասնագետների ու ազատվելով վարկաբեկված նախարարներից, փոխնախարարներից և բազմաթիվ այլ անպիտան դեմքերից։
Բացի այդ, կարծում եմ, իսկապես արժե հնարավորինս արդյունավետորեն օգտագործել նախկին իշխանությունների ղեկավար որոշ դեմքերին (մասնավորաբար երկրորդ նախագահին՝ Ռուսաստանի իշխանության հետ սերտ ու ջերմ հարաբերություններ, ճգնաժամային կառավարման ու կազմակերպչական մեծ փորձառություն ունենալու բերումով), ինչպես նաև պատերազմի բովով անցած ԲՈԼՈՐ գեներալներին և անվտանգության նախկին աշխատակիցներին։ Նրանց պետք է հնարավորություն տրվի գործուն մասնակցություն բերել երկրի պաշտպանության կազմակերպման լայն ու ծավալուն աշխատանքներին։
Կարելի է շատ ավելի մանրամասն հիմնավորել 13 կուսակցությունների առաջարկության անկատարությունն ու աննպատակահարմարությունը, բայց այս պահին կբավարարվեմ այսքանով»։