Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անվան շուրջ տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, թե վերջինս իբր կանչվել էԱԱԾ։
«Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող:
Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:
Ափսոսում ենք, որ այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում Արցախն է, ստիպված ենք տարածել այսօրինակ պարզաբանում և հերքում՝ ի պատասխան Վիվա-ՄՏՍ ընկերության և դրա գլխավոր տնօրենի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորող զրպարտանքին:
Միաժամանակ, հաշվի առնելով կապի ոլորտի ռազմավարական նշանակությունն առկա իրավիճակում և առհասարակ, կոչ ենք անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին ուշադրության ներքո պահել նման զրպարտանքի աղբյուրները և տարածողներին՝ դրանց իրական նպատակները բացահայտելու և ըստ անհրաժեշտության համարժեք իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Շնորհակալություն»,– ասվում է հայտարարությունում: