Շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում էր, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։ «Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։ Նրա խոսքով՝ երկրորդ բեռնատարը Հայաստան կուղղվի երեկոյան կողմ։ Նա նշել է, որ սահմանին են մոտենում այլ բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։