Ռազմինֆոն ներկայացնում է Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ ընդգրկելու մասին ևս մեկ ապացույց:
Idlib Post-ում հրապարակած լուսանկարում պատկերված են զինված մարդիկ՝ Ադրբեջանի ՊՍԾ համազգեստներով։ Ըստ աղբյուրի՝ Սիրիայից վարձկաններ են: Նկարներում երևում է, որ նրանք սափրված չեն, ինչը վկայում է այն մասին, որ ՊՍԾ ծառայողներ չեն։
Դատելով լուսանկարից՝ դրանք արվել են ՊՍԾ զորամասում, քանի որ հետևում երևում է ՊՍԾ-ին բնորոշ պատի ստենդ: Ավելին` հենց այդ ստենդից նախկինում ցուցադրվել էր ՊՍԾ Հորադիզի սահմանապահ զորամասի մասին հեռուստառեպորտաժներում։
Աջ կողմում ՊՍԾ համազգեստով Սիրիայից վարձկաններն են: Ձախում՝ ՊՍԾ Հորադիզի զորամասի պատի ստենդը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ադրբեջանական սահմանապահների համազգեստով արաբախոս զինված մարդկանց տեսանյութ էր հրապարակվել։ Ռազմինֆոյի մասնագետները տեղորոշել էին նկարահանման վայրը և պարզել, որ տեսագրությունն արված էր Հորադիզի սահմանապահ ջոկատի զորամասի դիմաց։
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման սկզբից հայտնվել են նաև այլ տեսա- և ֆոտովկայություններ պատերազմական գոտում վարձկանների առկայության և նրանց՝ ռազմական գործողություններին մասնակցելու վկայություններով։