Թուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են Հայաստան։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների տեղափոխման կազմակերպչական հարցերով ներգրավված, Ստամբուլում բնակվող ՀՀ քաղաքացի Գագիկ Մուշեղյանն ասաց՝ հայերին տեղափոխող արդեն 4 ավտոբուս հասել է Հայաստան։
Նրա խոսքով՝ վերադարձողները, այսպես ասած ,գործուղվածներն են, հիմնականում Ստամբուլում աշխատողները, թեև մի քանիսը կան այլ քաղաքներից են։
Թե, ընդհանուր առմամբ, թվով քանի՞ հայրենակից է վերադարձել և որքա՞նն է ցանկություն հայտնել վերադառնալու, Մուշեղյանն ասաց․ «Թվերի մասին չեմ կարող տեղեկություն տալ, բայց ցուցակագրվածների կեսը եկել են»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք վերադարձի պատճառը կորոնավիրուսային համավարա՞կն է, թե՞ պատերազմական իրավիճակիցը, որի հետևանքով մտավախություն ունեն ճնշումների ենթարկվել, Մուշեղյանը պատասխանեց․ «Ես կասեի ավելի շատ թագավարակի պատճառով են գալիս, որովհետև օր օրի շատանում է։ Դրա հետ մեկտեղ էլ տեղաշարժի սահմանափակման նոր որոշումներ են սպասվում, ընդհանուր առևտուրը կանգնել է, դոլարը թանկացել է, գները չեն բարձացել, արտասահմանցի գնորդներն չկան, հետևաբար նորից սպասվում է աշխատատեղերի կրճատում և դրանից բխող հետևանքներ...»,- ասաց Գագիկ Մուշեղյանը։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանն ասել էր, որ Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին:
Սոնա Հարությունյան