Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող որոշ գործողություններ քաղաքակիրթ աշխարհում ունեն շատ կոնկրետ իրավական ձևակերպում. միջազգային հումանիտար իրավունքում դրանք կոչվում են պատերազմական հանցագործություններ։ Ներկայումս հայկական կողմը փաստագրված ապացույցներով ներկայացնում է այդ գործողությունները՝ խաղաղ բնակչության թիրախավորումից մինչև վերջիններիս նկատմամբ նպատակամղված կասետային զենքի կիրառում, վարձկան ահաբեկիչների օգտագործում իրենց անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ և այլն։ Բոլորիս՝ այդ թվում աներևույթ «միջազգային հանրության» համար ակնհայտ է, թե թուրքա-արաբա-ադրբեջանական այս արկածախնդրությունը ինչպիսի ապտակ է քաղաքակիրթ աշխարհին։ Այնուհանդերձ, հրեշավոր հանցագործությունների այս համակցությունը պետք է կետ առ կետ իրավաբանորեն ձևակերպել, որոնք հետո դրվելու են միջազգային քրեական տրիբունալի փաստահավաք հանձնաժողովի առջև։
Արցախում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին կոնվենցիաները, մարդու իրավունքի կոպիտ ոտնահարումը դարձել է այս պետության ահաբեկչական էության արտահայտում:
Դիցուք՝ ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն:
Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ:
Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով Սմերչը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Բառացիորեն երեկ թիրախավորեց Ստեփանակերտի ծննդատունը: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների, հիվանդանոցների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:
Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը:
Ադրբեջանը խախտել է իր իսկ կողմից ընդունած Ժնևյան կոնվենցիան, Արցախն էլ դեռևս 1993 թվականին միացել էր այդ կոնվենցիային և իր հանձառությունը կատարում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, չնայած նրան, որ ՄԱԿ-ի անդամ է:
Լրագրողներին թիրախավորելը նույնպես համարվում է պատերազմական հացագործություն, սակայն Ալիևյան կլանը համառորեն շարունակում է խոչընդոտել լրագրողների աշխատանքին Արցախում' այդ նույն ժամանակ արգելելով վերջիններիս մուտքը իր տարածք:
Հայ երկու ռազմագերիների սպանությունը, ինչի տեսանյութը հայկական կողմը արդեն իսկ հասցրել է միջազգային պատկան մարմիններին, նույնպես ծանր պատերազմական հանցագործություն է:
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթռիռակոծումը պատերազմական լրջագույն հանցագործություն է' ըստ Ժնևի կոնվենցիայի: Հատկապես դա սահմանվում է Կոնվենցիայի թիվ մեկ արձանագրությամբ՝ 53-րդ հոդվածով՝ մշակութային եւ պաշտամունքային կատարման տեղերի պաշտպանությունը: Այստեղ հստակ նշվում է, որ այս օբյեկտները չեն կարող ռազմական թիրախ հանդիսանալ:
Այս բոլոր ռազմական հանցագործությունների փաստական ապացույցները գտնվում են հայկական կողմի ձեռքերում , իսկ սա նշանակում է, որ կան բոլոր հիմքերը Էրդողան-Ալիև հանցագործ տանդեմին Հաագայի դատարանի միջոցով պատերազմական հանցագործներ հայտարարելու համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: