«Взгляд» պարբերականի հետ հարցազրույցի շրջանակում ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։
Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմամբ։
Ըստ Զատուլինի՝ Ալիևի առաջարկում խարդավանք կա, քանի որ, միայն Լաչինի միջանցքը վերահսկելով, Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։ Զատուլինը նաև կարծում է՝ Ալիևի առաջարկները 2 նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ, երկրորդ՝ ձևացնել, թե ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դադարեցման պայմանավորվածությունից:
«Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են...
Պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել ԼՂ-ն: Փոխարենը կարգավիճակի հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ ապրելու մասին խոսքերը ոչինչ չարժեն»,-ասել է Զատուլինը: