Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատերազմական իրավիճակի սկսելուն պես քերակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Պարզելու համար, թե այս օրերին կալանավորների և դատապարտյալների քանիսի՞ դիմումին է ընթացք տվել, ԼՈՒՐԵՐ․com-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն։
«Նման ցանկություն հայտնած կալանավորված 12 անձի խափանման միջոց փոխվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով նշված նպատակով: Եվ նման ցանկություն հայտնած 9 դատապարտյալ, որոնք համապատասխանել են օրենքով սահմանված չափանիշներին, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել՝ առաջնագիծ մեկնելու համար»,- մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշեց, որ չափազանց զգույշ և անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմումների ընթացքը որոշելիս, յուրաքանչյուր դիմում քննարկման առարկա է դառնում անհատական կարգով՝ վստահ լինելու համար, որ նախ իրավիճակը չի ծառայեցվում ազատության մեջ հայտնվելու անձնական շահերի համար և որ ԶՈւ-ին միանալու դեպքում նվազագույնի հասցված կլինեն հանցավոր վարքագծի ռիսկերը․ «Նման մոտեցումը լիովին արդարացված է, քանի որ ունենք առանձին քիչ դեպքեր, երբ նշված նպատակով մարդկանց հնարավորություն է տրվել հայտնվելու ազատության մեջ, բայց նրանք դեռևս չեն ներկայացել իրավասու մարմնին՝ առաջնագիծ գնալու համար»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդականը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռազմաճակատ գնալու նկատառումով՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ 12 կալանավորի խափանման միջոց էր փոխվել, 4 դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով էր ազատվել:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Այս օրերին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ որպես կամավորներ գնում են կռվելու հակառակորդի դեմ։
Սոնա Հարությունյան