ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ում երեքշաբթի կայացած ընտրություններում ձայների հաշվարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դադարեցրեք հաշվարկը»,- գրել է նա Twitter-ի իր էջում
Չորեքշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփի նախընտրական շտաբը կարող է դատական հայցեր ներկայացնել Արիզոնա եւ Նեւադա նահանգներում քվեաթերթիկների մշակման հետ կապված: Ավելի վաղ Թրամփի շտաբը դատական հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քվեաթերթիկների մշակումը Ջորջիա, Փենսիլվանիա եւ Միչիգան նահանգներում: Բացի այդ, հանրապետականների ներկայացուցիչները հայտարարել են, որ Վիսկոնսինում վերահաշվարկի հայց կներկայացնեն:
Երեքշաբթի ԱՄՆ-ում անցկացվել են համընդհանուր ընտրություններ: Դրանցում ընտրում էին նախագահին եւ փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին եւ 13 նահանգների ու տարածքների ղեկավարների: Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ որոշված չէ: Ըստ Fox News-ի՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել է ընտրողների ներկայացուցիչներից 214-ի, իսկ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը՝ 264-ի աջակցությունը: Հաղթելու համար թեկնածուն պետք է 270 ձայն ստանա: