2001 թվականին, ապրիլի 15-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծնված Յուրա Հարությունյանը զոհվեց՝  հանուն հայրենիքի պաշտպանության:

Յուրան շատ երազանքներ ու նպատակներ ուներ: Նա ցանկանում էր դառնալ ատամնաբույժ կամ ատամնատեխնիկ:

Դպրոցն ավարտելուց հետո Յուրան ընդունվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ընդունվելով համալսարան՝ նա անմիջապես մեկնում է ծառայության այն մտադրությամբ, որ կգա և կշարունակի ուսումը:

«Շատ ուրախ մարդ էր Յուրան, իր ամենասիրելի զբաղմունքը եղել է մարդկանց տրամադրությունը բարձրացնելը: Բարի էր, կամեցող և նրբազգաց:  Բոլորի հանդեպ էր հոգատար Յուրան, բայց հատկապես՝ մամայի: Ինքը միշտ ասում էր՝ դուք իմ անունը դեռ շատ եք լսելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Յուրա Հարությունյանի քույրը՝ Նինա Հարությունյանը:

Յուրան ուներ շատ աղավնիներ և ճագարներ, որոնց մեծ սիրով և հոգատարությամբ էր խնամում: Նա ազատ ժամանակ սիրում էր նաև երգել և ֆուտբոլ խաղալ: 

Ամռան առաջին զորակոչով հուլիսի 5-ին Յուրան մեկնեց բանակ. «Եղբայրս վեց ամիս ծառայել է Գյումրու մասնագիտացած զորամասում և ստանալով կրտսեր սերժանտի կոչում՝ մեկնել է Արցախ՝ ծառայությունը շարունակելու: Գյումրիում հասցրել է 2 կրծքանշան ստանալ»,- հպարտությամբ նշում է հերոսի քույրը: 

 

Նինան ժպիտով հիշում է, որ իր հղիության մասին լուրը եղբորը հայտնել է հենց պատերազմական օրերին, որն էլ Յուրային անչափ երջանկացրել էր. «Շատ էր ուրախացել Յուրաս, ասում էր, որ այդ լուրը իրեն ուժ է տվել պայքարելու և վերադառնալու, որ ինքը աշխարհի ամենալավ քեռին է լինելու»,- վերհիշում է նա:

Վերջինս մի ծիծաղաշարժ պատմություն պատմեց մեզ՝ Յուրայի և մայրիկի վերաբերյալ. « Երբ Յուրան մի փոքր ուշացնում էր զանգը, մաման շատ էր անհանգստանում ու սկսում էր զանգահարել բոլոր այն համարներով, որոնցից, որ Յուրան էր զանգահարել վերջին կես տարվա ընթացքում ու խնդրում էր Յուրային: Յուրան էլ դա անեկդոտ էր սարքել, ասում էր՝ մաման 097-ը ու ինչ թիվ, որ պատահի հավաքում ա, զանգում ու ասում՝ Յուրային կտա՞ք»,- ծիծաղով վերհիշում է Նինան:

Հերոսը վերջերս նաև կարողացել էր յուրացնել Արցախի բարբառը, որով ևս ուրախացնում էր ընտանիքին անդամներին. «Ամեն մեր հեռախոսազրույցի ժամանակ Յուրան պարտադիր պետք է ասեր՝ այ տի պաներ, մենք էլ սկսում էինք ծիծաղել»,- ժպիտով պատմում է Յուրայի ավագ քույրը:

33 օր շարունակ հայրենիքի պաշտպանության համար մարտնչած Յուրան հասցրել է ոչնչացնել թշնամու 5 տանկ, մեկ ուրալ և մեկ տրակտոր: Հերոսը յուրահատուկ կերպ էր նկարագրում իր կողմից ոչնչացված հակառակորդի մարդկային ուժերն ու տեխնիկան. «Միշտ զանգում, ասում էր՝ երկուոտանի մրջյուն եմ սպանել, ու մի հատ էլ մեծ մրջյուն: Երկուոտանի մրջյուն ասելով՝ նկատի ուներ թշնամի, իսկ մեծ մրջյուն ասելով՝ տանկ»,- ընդգծում է Նինան:

Յուրան դասակի հրամանատար էր, և ինչպես նշել են նրա ընկերները, նա նորակոչիկներին թույլ չի տվել դուրս գալ դիրքերից և կռվել, անգամ մի նորակոչիկ կար, որը ասել է Նինային, որ Յուրան շատ բան է փոխել իր կյանքում. «Նորակոչիկը ինձ պատմեց, որ երբ ինքը մրսել է, Յուրան է գնացել իր համար տաք վերարկու բերել (նորակոչիկը ամաչել է վերարկու ուզել) և իր վերարկուն էլ է տվել, որ նորակոչիկը կարողանա քնել վրան: Ասում է, որ Յուրան իր մեջ համարձակություն է սերմանել»,- պատմում է Յուրայի քույրը:

Իր զոհվելու նախորդ օրը Յուրան ընկերոջ կյանքն է փրկել, որը հիմա շարունակում է իր բուժումը հիվանդանոցում. «Մեզ վիրավոր զինվորի մայրն էր զանգահարել և ասել, որ հենց իր աչքերը բացել է Գոռը, ասել է, որ Յուրան է փրկել իր կյանքը: Յուրան, վտանգելով կյանքը, կրակոցների միջից դուրս է բերել վիրավոր ընկերոջն ու տեղափոխել  հիվանդանոց»,- հպարտանալով իր եղբոր մարդասիրությամբ՝ նշեց հերոսի քույրը, հավելելով, որ մինչև այսօր էլ զորամասից իրենց են զանգահարում Յուրայի ընկերները, դասակի հրամանատարները, և բոլորը ասում են, որ պատերազմը վերջանա, գալու են, պատմեն Յուրայի հերոսությունների մասին. «Եթե անկեղծ՝ մենք չէինք կարծում, որ Յուրան այսքան ուժեղ է ու, որ իր ներսում այսքան ուժ կարող էր լինել, մենք միշտ իրեն որպես ընտանիքի փոքր երեխա ենք պատկերացրել»,- ասաց զինվորի քույրը: 

Վերջին անգամ ընտանիքի անդամները Յուրայի հետ հոկտեմբերի 29-ին են խոսել. «Շատ բարձր տրամադրություն ուներ, իրեն լավ էր զգում: 33 օր չլողանալուց հետո այդ օրը լողացել էր ու ուրախությամբ նշեց, որ այդ օրը ամանով է ճաշը կերել: Շատ հանգիստ էր Յուրան»,- վերհիշում է քույրը:

Յուրայի հետ դեպքը տեղի է ունենում հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը.  «Յուրայենց հերթական տագնապն են տալիս, որ բոլորը տեղավորվեն դիրքերում, ու մինչև Յուրայենք մեքենայով կհասնեին անհրաժեշտ կետը, ԱԹՍ-ն հարվածում է մեքենային: Նրա բջջայինը մնում է այդ մեքենայի մեջ, որով մեզ զանգահարում և ասում են, որ բջջայինը կա, բայց Յուրան՝ ոչ: Այդ կերպ մեզ հասկացնում են, որ սկսենք փնտրելը եղբորս: Սկսեցինք հետաքրքրվել ու հաջորդ օրը արդեն եղբորս դին բերեցինք»,- ցավով նշում է Նինան:

Վերջինս մեզ հայտնեց հոր վերջին խոսքը՝ Յուրայի հուղարկավորության ժամանակ. «Ես միայն մեկ բան եմ ուզում, թո՛ղ ոչ մի ծնող, նույնիսկ, թուրքը իր ընտանիքում իր զավակի կորուստը չտեսնի»:

Ինչպես նշում է հերոսի քույրը, Յուրան չափից դուրս խաղաղասեր էր, և նրան այս պատերազմական օրերին մեկ միտք էր միայն տանջում. «Յուրան խաղաղության կողմնակիցն էր: Մեր վերջին հեռախոսազանգերի ժամանակ միշտ հարցնում էր՝ Նին, ես ո՞նց եմ դուրս գալու էսքան մեղքերի տակից»,- նշեց հերոսի քույրը: