«Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ձայները բավարար կլինեին արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց նրանք այս փուլում տեխնիկական խնդիրներ են տեսնում, վստահ եմ, որ իրենք միանալու են, մարտավարական տարբերություն կա մոտեցումներում, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ՝ նիստը կայանար հենց այսօր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես վստահ չեմ, որ «Իմ քայլի» գործընկերներից շատերը կմասնակցեն, բայց ես ճանաչում եմ «Իմ քայլը»-ում բավականին ազնիվ և պարկեշտ մարդկանց, ովքեր հասկանում են, որ այն, ինչ տեղի է ունեցել, զարհուրելի է, մեր ամոթալի էջերից մեկն է: Հասկանո՞ւմ եք, մեր կորցրեցինք հայրենիք, մենք ոնց ենք պատասխան տալու այդ մարդկանց, որ սպասում էին իրենց տները վերադառնալուն։ Մենք հիմա լսում ենք հասարակությանը պառակտելու կոչեր, կոչեր՝ «գնացեք, վրեժ լուծեք», «գրոհեք»։ Քաղաքացիական պատերազմի կոչե՞ր են անում, հիմա էլ երկրի ներսո՞ւմ են ֆրոնտ բացում»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով`սա իսկապես մեր ճակատագրական հանգրվաններից մեկն է, և պետք է մարդկանց պատասխան տան՝ ինչու այսպես եղավ:
«Մեզ համար անակնալ չէր, որովհետև մենք գիտեինք ճշմարտությունը, ժողովրդի համար անակնկալ էր, շոկ էր, քանի որ մեր ժողովուրդը նայում էր Արծրուն Հովհաննիսյանին՝ նա էլ ասում էր՝ «գնում, հաղթում ենք, հեսա Բաքվում չայ ենք խմելու», հետո մեր ժողովուրդը տեսնում է ․որ Շուշին չկա, էս ժողովրդի մոտ տրամաբանական հարց է ծագում, բա Արծրուն ջան, եղբայր ջան, երկու ժամ առաջ չայ ենք խմում Բաքվում, բա ո՞նց սենց եղավ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ չէր կարելի հետևողականորեն տարածել հակառուսական տրամադրություններ: «Հետևողական հակառուսական պանիկան, գիծը, որ բազմաթիվ գրանտալափ կազմակերպություններ՝ իշխանությանը կից, իշխանության ներսում գտնվող, հետևողականորեն տարան Ռուսաստանի դեմ մեր պետության թիկունքից հասցված հարվածներից մեկն է, բա ո՞ւր է ձեր արևմուտքը»,-ասաց նա և նշեց, որ ռուս խաղապահների տեղակայումը այս փուլում լավագույն լուծումն է արյունահեղությունը կանգնեցնելու:
Նրա խոսքով` պետք է վերացնել ռազմական դրությունը և հրավիրել պատասխանատուներին: