«Իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է. սահմանադրական փոփոխություններով իրենք ազատվելու են ՍԴ- ի այս կազմից և Հրայր Թովմասյանից , դա փաստ է»,-ԼՈՒՐԵՐ.com հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նշենք' ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանն այսօր առավոտյան ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարել: Նաիրա Զոհրաբյանն ասում է' եթե կհրապարակվեն հիմքեր, որոնք կապացուցեն խուզարկման օրինաչափ և օրինական լինելը, ապա խնդիր չի լինի:
Այն հարցին, թե արդյոք Սահմանադրական փոփոխություններն արվում են հենց ՍԴ-ն կազմալուծելու նպատակով, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ Սահմանադրական փոփոխությունները հատուկ դրա համար են արվում, բայց դա լիելու է սահմանադրական փոփոխությունների կոնցեպտների թիրախներից մեկը, որովհետև այլ տարբերակով իրենք չեն կարողանում ազատվել Հրայր Թովմասյանից և ՍԴ-ի այս կազմից։ Անգամ կոռուպցիոն գործարքը, որ առաջարկեցին գնալ շուտ թոշակի, դառնալ երիտասարդ թոշակառու, նստել թախտին և ՀՀ հարկատուների հաշվին ստանալ աշխատավարձ՝ չգործեց:
Իրենք կարծում եմ, սահմանադրական փոփոխություններով, ի թիվս այլ հարցերի, կփորձեն լուծել Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի հարցը։ Իմքայլականների պնդմանը, թե ՍԴ-ում կա ճգնաժամ, Զոհրաբյանը հակադարձում է. «Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներով, որ անցկացրել են միջազգային կազմակերպությունները, չի արձանագրվել, որ հանրային տոտալ անվստահություն լինի կոնկրետ ՍԴ-ի հանդեպ»։
Աիդա Կիրակոսյան