Արդարադատության նախարարությունը գնում է քրեակատարողական հիմնարկները խոշորացնելու ճանապարհով: Խնդիր է դրված՝ առկա 13 ՔԿՀ-ի փոխարեն թողնել 5-ը: Արմավիրում կառուցվում է նոր քրեակատարողական հիմնարկ՝ 1200 դատապարտյալի համար, նախատեսվում է կառուցել ևս մեկը, որից հետո հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի՝ օպտիմալացնելով եղածները. երկու ՔԿՀ կլինի Երևանի տարածքում, մնացածը տեղակայված կլինի Արմավիր, Գորիս և Լոռի հատվածներում:
Այսօր մեկ դատապարտյալի հաշվով պետությունն ամսական ծախսում է 124,7 հազ. դրամ, տարեկան դա կազմում է մոտ 3000 դոլար: ԱՄՆ-ում մեկ դատապարտյալին տարեկան հատկացվում է 25-40 հազ. դոլար, Էստոնիայում՝ 4000-4900 եվրո: Սա, սակայն, ոչ թե կոնկրետ դատապարտյալի վրա ծախսվող գումար է, ոչ թե պետք է հասկանալ, թե մեր դատապարտյալներին ավելի շատ գումար է տրվում, քան, ասենք, աշխատողներին կամ թոշակառուներին, այլ սա գումար է, որից, օրինակ, վճարվում է նաև ՔԿՀ աշխատակիցների աշխատավարձը: Այս տրամաբանությամբ է մոտավորապես կազմակերպվում նաև դպրոցների ֆինանսավորումը, որոնց ևս գումարը հատկացվում է ըստ աշակերտների քանակի:
Ըստ այդմ, ՔԿՀ-երի խոշորացմանը զուգահեռ տեղի կունենա նաև աշխատակիցների զգալի կրճատում: Ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ներկա 2500 աշխատակիցների կարիքն այլևս չի լինի և կարող են բավարարվել 1000 հոգով:
«2500 աշխատակիցներից 25-30 տոկոսը միայն պահպանության ծառայությունում է, նոր ՔԿՀ-երում պահպանական ծառայության կարիք ընդհանրապես չկա, այսինքն՝ տեխնիկական, շինարարական կառույցները՝ պատնեշներ, փշալարեր, ձայնաազդանշանային համակարգեր՝ այդ խնդիրները, ըստ էության, լուծում են և դրանց պահելու անհրաժեշտություն չկա»,- հայտնեց նախարար Թովմասյանը:
Իսկ թե համակարգը բարեփոխելու և դրա համար գովասանքի արժանանալու արդյունքում աշխատանքից ազատված ՔԿՀ աշխատակիցները, որոնց աշխատանքն, ինչպես հայտնի է, խիստ սպեցիֆիկ է, ի՞նչ են անելու փողոցում հայտնվելուց հետո, ինչպե՞ս են իրենց պահպանյալներին պահպանելու ընթացքում ձեռք բերած որոշակի վարկանիշի, հոգեբանական փոփոխությունների բեռի տակ ինտեգրվելու հասարակությանը, նախարարին, բնականաբար, չի էլ մտահոգում:
Լուսինե Կեսոյան