Շարունակում է առկա մնալ հիմնավոր կասկածն առ այն, որ ՀՀ քրեական հետապնդման մարմիններն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու և ժամանակ շահելով՝ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Շարունակում է առկա մնալ հիմնավոր կասկածն առ այն, որ ՀՀ քրեական հետապնդման մարմիններն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու և ժամանակ շահելով՝ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես, այսօր հսկող դատախազի ակնհայտ անօրինական հանձնարարության հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, երբ չկան նույնիսկ առերևույթ հիմքեր՝ նախորդ փորձաքննությունների եզրակացությունների հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու համար։ Միջնորդություն եմ ներկայացրել վերադաս դատախազին՝ այդ հանձնարարությունը վերացնելու պահանջով՝ նկատի ունենալով, որ նախորդ փորձաքննությունների արդյունքում հստակ ու սպառիչ կերպով արձանագրվել է վարորդի մեղավորությունը, իսկ երթևեկության մյուս մասնակիցների արարքները ենթակա են համարվել իրավական գնահատման։ Մինչդեռ, հսկող դատախազը փորձում է մասնագիտական հատուկ գիտելիքներ չպահանջող, իրավունքի հարցերի պատասխանը ստանալ համապատասխան բնագավառի փորձաքննության միջոցով՝ դրանով իր լիազորությունը փաստացի «պատվիրակելով» փորձագետին։ Ավելին, առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության նա փորձում է կրկնակի փորձաքննության առարկա դարձնել նաև վարորդի գործողությունները, որոնք առաջնային և լրացուցիչ փորձաքննություններով հստակ գնահատվել են։ Ընդ որում, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի իրավակարգավորումն ըստ էության հսկող դատախազին արգելում է որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ նմանաբովանդակ՝ կոնկրետ տեսակի ապացուցողական գործողության կատարման անհրաժեշտության վկայակոչմամբ հանձնարարություն տալ»,- գրել է նա։