Վարդան Պետրոսյանի վթարի գործով նշանակվել է հետքաբանական նոր փորձաքննություն՝ պարզելու, թե հայելին, որը հայտնաբերվել է մեքենայի սրահում դեպքից մեկ ամիս հետո, մեքենայի հայելին է եղել, թե ոչ։ TESADASHT.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

 

«Ես դա արդեն պարզաբանել եմ գրավոր տեսքով։ Անձամբ չեմ հավատում, որ ավտովթարի հետևանքով դրսի կողային հայելիները կարող են թռնել, ընկնել մեքենայի մեջ»,֊ասաց Բաղդասարյանը։

 

Նրա խոսքով՝ մի փոքր տրամաբանություն պետք է ունենալ, հասկանալու համար, թե ինչպես պատահեց, որ նույն որը «Նիվա» մակնիշի մեքենայի սրահը զննելիս չգտնվեց հայելին, իսկ մեկ ամիս հետո այն գտնում են։

 

Ն․ Բաղդասարյանն, անդրադառնալով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի այն հայտարարությանը, թե ինքը՝ Բաղդասարյանը, մահացած երեխաների քառասունքի օրը համացանցում տեղադրել է վթարի 3D տարբերակն, ասաց․ «Ես չեմ հասկանում, թե ինչու է նա նման բան ասել։ Ես հավաստիացնում եմ նման բան չեմ արել։ Նաև ասել է, թե իր հետ բանակցությունների եմ գնացել, հավաստիացնում եմ, էդպիսի բան չի եղել։ Ես կարող եմ ապացույց բերել, թող ցույց տան այն կայքը, այն տեղը, որտեղ մոդելավորումը հրապարակել եմ։ Նաև ցույց տվեք այն մարդուն, ում ես ասել եմ, թե հանդիպել եմ Բալոյանի հետ։ Ռուբեն Բալոյանը իմ լավ ընկերն է, ես միշտ էլ կարող եմ իրեն հանդիպել, բայց գործի շրջանակներում, հաշտության եզրեր քննարկել չի եղել։ Մենք պետք է նախ հասկանանք օբյեկտիվ ճշմարտությունը և նոր պարզենք, թե ով որ կողմին պետք հատուցի։ Հավելեմ, որ, ըստ իմ տեղեկությունների, մեքենան չի համարվել ֆիզիկական անձի սեփականություն, այլ իրավաբանական անձի է պատկանել։ Այստեղից հարց է առաջանում, թե ում պետք է հատուցել»։

 

Փաստաբանը նաև նշեց, որ Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը դեպքի առաջին իսկ օրը քննիչին հայտնել է, որ արդեն 10 տարի է, ինչ դերասանը բնակվում է իր տանը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ է քննիչը գնացել գյուղ կամ Վարդան Պետրսյանի եղբոր տուն ու «պարզել», որ դերասանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անտեղ չէ։ Ու դրա հիման վրա ձերբակալելու որոշում է կայացրել։

 

«Վարդան Պետրոսյանը պնդում է նաև, որ որպես կասկածյալ, ցանկացել է ցուցմունք տալ և չի արձանագրվել իր ցուցմունքը։ Քննիչը չի փակել արձանագրությունը։ Վարդան Պետրոսյանը պնդում է, որ իրեն անմարդկային վերաբերմունք են ցույց տվել։ Արդյոք դա խախտում չէ, օրինական է դա արդյոք, թե ոչ»֊ հռետորական հարց հղեց փաստաբան Բաղդասարյանը։

 

Նրա խոսքով՝ այս հարցերի շուրջ են ցանկանում պետական մարմինների հետ խոսել և քննարկել։ «Մենք խնդիր չունենք տուժող կողմին վնաս հասցնելու, մենք միայն ուզում ենք ճշմարտությունը բացահայտել։ Եվ ցավում եմ, որ մեր պետական մարմինները ամեն ինչ անում են այս գործը շոուի վերածելու համար և ինչ֊ինչ ճանապարհներով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին վարկաբեկելու։ Ես միայն ուզում եմ հրապարակել այն, ինչ կա իմ ձեռքի տակ, ուզում եմ այդ ապացույցները հանրությանը ներկայացնել»,֊ ասաց Ն․ Բաղդասարյանը։