Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի հետ կապված իշխանությունները պատրաստ են հաշվի առնել նաև հասարակության կարծիքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նախորդ օրը վարչապետի և ԱԺ մի շարք խմբակցությունների քննարկման ժամանակ արված առաջարկությանը, ըստ որի՝ պարտադիր բաղադրիչը պետք է տարածվի միայն պետական աշխատողների վրա, ում աշխատավա րձերը բարձրանալու են հուլիսի 1-ից, իսկ մնացած հատվածի համար պարտադիրի կիրառումը կհետաձգվի մինչև 2017թ.: «Ես կարծում եմ, որ պետության վարած քաղաքականության առաջին գծում պետք է լինեն հենց պետական բյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիները: Հուլիսի 1-ից կբարձրանան նաև նրանց աշխատավարձերը, և սա ընդունելի տարբերակ կարող է լինել: Կառավարությունն ամեն ինչ անում է' այս հարցում հասարակության հետ աշխատաելու դաշտ ստեղծելու համար»,- ասաց Սահակյանը:

 

Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ Ազգային ժողովում կուտակայինի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո էլ կարող են լինել առաջարկներ և քաղաքացիական շարժումներ, որոնք չի կարելի բացառել:

 

Հարցին, թե արդյոք ԱԺ առաջիկա արտահերթ նիստում կքննարկվի՞ նաև կուտակայինի վերաբերյալ նոր օրենքի նախագիծը, Սահակյանը պատասխանեց, որ վաղը կառավարությունն արտահերթ նիստ կգումարի, որի ընթացքում պարզ կլինի, թե ինչ հարցեր են քննարկվելու արտահերթ նիստի ժամանակ:

 

Կառավարությությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նոր տարբերակ է մշակել, որն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին: