ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, սակայն ընդգծեց` եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն:
«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող»,- ասաց Ավինյանը:
Հարցին, թե հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. «Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»: