Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են. առաջիկայում կունենանք նաեւ հանրային լսում, որից հետո ամփոփելով փաթեթը կներկայացնենք քաղաքաշինության կոմիտե: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց տրամաբանված ժամանակացույց ներկայացնել. «Եկեք այնպես պլանավորենք մեր աշխատանքները, որ սեպտեմբերին Երեւանի ավագանու առաջին մեր նիստին ավագանու անդամնեը հնարավորություն ունենան քննարկելու հարցը եւ ընդունելու գլխավոր հատակագիծը: Հասկանում եք, թե ինչքան խնդիրներ ունենք այս պահի դրությամբ այս պրոցեսների հետ կապված:
Մինչև Երևանի ավագանու նիստի օրակարգ մտնելը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատվի։ Դրանից հետո մենք աշխատելու ենք գլխավոր հատակագծի թվայնացման վրա, ավելի կենտրոնանալու ենք GIS քարտեզներում տեղակայման ու ճանապարհային ցանցի աշխատանքների վրա»,– ասաց Ավինյանը։
Նա շեշտեց' գլխավոր հատակագծի վրա պետք է անընդհատ աշխատանքներ տանեն։