ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր:

«Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- ասել է նա:

Հարցին՝ ի՞նչ ելքեր է տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել, Սեյրան Օհանյանը նշել է. «Ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար»:

Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարը ասաց. «Ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա»: