Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ:

Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության:

Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝ ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: