«System of a down» ռոք խումբն անցած շաբաթ թողարկված երկու երգի միջոցով 600,000 դոլար գումար է հավաքել համահայկական հիմնադրամի համար։

Խմբի չորս անդամները 15 տարվա դադարից հետո անցած շաբաթ վերադարձան «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» երգերով՝ դրանք նվիրելով Արցախին եւ նպատակ ունենալով գումար հավաքել հիմնադրամի համար։

Նոր հարցազրույցում, որը վերնագրված է «Խոսելով Արցախի համար», «System of a down»-ի չորս անդամները՝ Սերժ Թանկյանը, Տարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը, ներկայացրել են՝ ինչպես են որոշել երգեր թողարկել ի աջակցություն հայրենիքի։ Թանկյանը նշել է. «Սա անարդարություն է, որի վրա ցանկանում ենք, որ մարդիկ ուշադրություն դարձնեն, եւ ահա, թե ինչու ենք սա անում. որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան տեղեկացնել իրենց կառավարման մարմիններին, որոնք կարող են պատշաճ արձագանքել»։

 

Խումբն, Instagram-յան էջում հրապարակելով հարցազրույցի մի հատվածը, նշել է, որ երախտագիտությամբ է համակված Արցախի բնակչությանը օգնելու իրենց նախագծին անհավանական աջակցության համար. «Ձեր շնորհիվ մենք ի վիճակի կլինենք օգնել տեղահանված քաղաքացիական բնակչությանը, երիտասարդներին ու ծերերին, որոնք տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սոսկալի պատերազմական հանցագործություններից»։ Խմբի անդամները նշել են, որ իրենց համար շատ կարեւոր է այդ ճշմարտությունները կիսել մարդկանց հետ եւ խնդրել են օգնել տարածել հաղորդագրությունը։