Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվել է «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմ» հատուկ բաժինը, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության աղբյուրը: «Նոր բաժնում կհրապարակվեն համապատասխան նորություններ և նյութեր, ինֆոգրաֆիկա, ինչպես նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ գործողություն իրականացնելու վերաբերյալ», - ասել են ՌԴ ՊՆ֊ից: Կայքի այցելուները կկարողանան դիտել Լաչինի միջանցքի տարածքում գտնվող ռուսական դիտակետերի տեղակայման քարտեզները, տեղեկանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակի մասին:
Զինվորական գերատեսչությունից հավաստիացրել են, որ այս հատվածը անընդհատ թարմացվելու է արդիական նորություններով, լուսանկարներով և տեսանյութերով ռուս խաղաղապահների աշխատանքի և հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ամբողջ տեղեկատվությունը կթարգմանվի օտար լեզուներով: Բաժինը օպտիմիզացված է բջջային սարքերից մուտքի համար: