Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Երկու նախարարները քննարկել են ԼՂ-ում կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման նպատակով ՌԴ կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերի արդյունքում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Կողմերն ընդգծել են նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացման կարևորությունը: Այս նպատակով հատուկ նշանակություն կունենա ՄԱԿ-ի' փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակըի, ԿԽՄԿ, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը:
Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահ ուժերի մասնակցության պարամետրերը, ինչպես նաև Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:
Նախարարները համաձայնել են, որ ներկայում գլխավոր առաջնահերթությունը ներքին տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձի, տնտեսական, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, մարդասիրական օգնության ցուցաբերման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցերն են:
Կողմերը մտքեր են փոխանակել հետագա քայլերի վերաբերյալ' ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամը հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի հավասարապես պահպանմամբ, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա երկարաժամկետ և ամբողջական կարգավորելու նպատակով: