Պատերազմի ավարտից հետո նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ արել են հայտարարություններ, որոնք իրենց մեջ հանցագործության մասին հաղորդումներ են պարունակել:
Դիցուք՝ Ազատության հրապարակում նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով միացել էր Արցախի հանձնման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ ստացել է ապօրինի հրամաններ, սակայն դրանք չի կատարել: Արդյո՞ք դա է եղել իր հրաժարականի պահանջը' Օսիպյանը չպատասխանեց: Օսիպյանը նաև հայտարարեց, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո աշխատանքի չի գնացել, մեկ օր անց հրաժարական է ներկայացրել:
Նոյեմբերի 8-ին պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը, նոյեմբերի 12-ին գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում է․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»: Արդյո՞ք սա հաղորդում է հանցագործության մասին, թե՞ ոչ:
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ եթե ուժային բլոկի բոլոր նախկին ղեկավարները խոսում են ստացած ապօրինի հրամանների մասին՝ ինքը չէր կարող բացառություն լինել:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել է հայաստանյան դատավորներին' հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից' դրանով իսկ ակնարկելով, որ այդ ազդեցությունը և ճնշումը առկա է:
Բավական ուշագրավ ուղերձով հանդես եկավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնեց, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։
Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։
Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործունեության մասին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել:
ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Իր դիմումի մեջ վերջինս ուշագրավ մանրամասներ է ներկայացրել՝ «Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։ Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել»։ Այսինքն, ստացվում է, որ պատերազմի օրերին վարչապետի աշխատակազմը պարզապես հանցավոր անգործության է մատնված եղել և սա էլ իր հերթին պետք է դառնա քննության առարկա:
Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները ևս պետք է լուրջ քննության առարկա դառնան: Եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ եւ պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին:
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ իր գրառման մեջ, նշելով, որ Հակոբյանը ասել է այն, ինչ տեսել է, անուղղակիորեն հաստատեց վերջինիս կողմից հնչեցրած մեղադրանքները:
«Ադեկվատ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը հայտարարել է, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը արգելել է զենք մատակարարել Արցախ: Այս հայտարարությունը ևս պետք է քննության առարկա դառնա:
Սրանք պատերազմից հետո իշխանությունների հասցեին հնչեցրած հանցագործության մասին հաղորդումների միայն մի մասն են, սակայն ակնհայտ է, որ պետք է իրավապահների կողմից անմիջապես ֆիքսվեին և այս բոլոր հայտարարությունների մասով անցկացվեր քննություն, ինչը, մինչ այս պահը, կարծես թե, չի արվում: Դա իր հերթին ստիպում է հանրությանը անել հետևություններ, որոնք բնավ չեն խոսում գործող իշխանությունների և իրավապահ համակարգի անաչառության օգտին…