Հայաստանի հեղափոխական իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում խոստումներից ոչ պակաս շռայլել էին նաև հանցագործության մասին հաղորդումները, որոնք, որպես կանոն, վերաբերվում էին նախկին իշխանության ներկայացուցիչներին, պարունակում էին կոնկրետ և հասցեական մեղադրանքներ: Սակայն, դրանցից և ոչ մեկի հետքով պատկան մարմինները այդպես էլ չգնացին: Ինչո՞ւ: Պատասխանը պարզից էլ պարզ է. սույն մեղադրանքներն իրենց տակ չունեին որևէ հիմք, բացի քաղաքական դիվիդենտներ վաստակելու իշխանությունների անսպառ ցանկությունից:
Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդունել է, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած՝ այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Այսպիսով, Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազի (ով, ի դեպ, նախկին իշխանությունների կադր է համարվում) և առողջապահության նախարարի դեմ: Ընթացք տրվե՞լ է վարչապետի այս հայտարարությանը, իհարկե, ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում անդրադարձել է Ապրիլի 24-ի՝ իշխանությունների կազմակերպված միջոցառումներին և դրանց հասցեին հնչող քննադատություններին: «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք նաև չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- հայտարարել է Փաշինյանը: Ինչպես տեսնում ենք, վարչապետը կրկին անգամ հանցագործության մասին հաղորդում է տալիս՝ առանց անուններ նշելու: Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը շատ ավելի կոնկրետ էր թիրախավորում այս կամ այն պաշտոնյային, երբ խոսում էր վերջինիս ատկատների կամ օրինակ՝ օֆշորային սկանդալների մեջ թաթախված լինելու մասին: Արդյո՞ք վարչապետը մոռացել է, որ իր ընդդիմադիր տարբերակը ժամանակին կարծիք էր հայտնում, որ Դիլիջանի դպրոցն ունի օֆշորային ծագում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներքաշված է օֆշորային սկանդալի մեջ, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ատկատներ է վերցնում: Թերևս, մոռացել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության և «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էին նաև «Սանիթեք» ընկերության կողմից հնարավոր սաբոտաժին: Ո՛չ վարչապետը, ո՛չ քաղաքապետը, իհարկե, անուններ չտվեցին, սակայն նրանց երկխոսության տողատակից պարզ է դառնում, որ նրանք «Սանիթեքի» հնարավոր սաբոտաժի թիկունքում տեսնում են Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ով, ըստ շրջանառվող լուրերի, թաքնվում է հենց Լիբանանում: Թե ինչ մեխանիզմով են այդ գումարները դուրս բերվում և արդյո՞ք ընդհանրապես դուրս են բերվում, թե ոչ հարցին՝ քաղաքապետը պատասխան չունի: Ընդամենը վարկած է «հնարավորների» շարքից կամ, եթե կուզեք, մեսիջ, որը վարչապետն ու քաղաքապետը փորձեցին այդ ուղիղ եթերի միջոցով հասցնել Լևոն Սարգսյանին: Ավելին, ուղիղ եթերի ընթացքում հնչեց նաև մեկ այլ մեսիջ, առ այն, որ եթե «լիբանանյան քամիները» շարունակեն փչել նույն ուղղությամբ, ապա հնարավոր է՝ դրան հակադրվի արդեն փողոցի պայքարը, ասել է թե՝ Փաշինյանն ու Մարությանը «Սանիթեքին» և «Սանիթեքի» հետևում կանգնած անձանց սպառնում են զանգվածային ակցիաներով:
ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանն էլ մամուլում հանդես էր եկել սկանդալային հարցազրույցներով, որոնցում պնդում էր, որ Արցախում Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հողեր հանձնել: Ակնհայտ է, թե որն է Բարսեղյանին մեդիա դաշտ տրամադրելու բուն նպատակը, որովհետև վերջինիս սկանդալային մեղադրանքներին իրավապահները որևէ կերպ չեն անդրադարձել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան և արդյունքում այդպես էլ վարվել էր՝ պահանջելով հերքել զրպարտանքը:
Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Փաշինյանը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձնի բանակից թալանածը: Սա նույնպես հանցագործության մասին հաղորդում է, սակայն, փաստենք, որ այսօր Քոչարյանին դատում են ոչ թե բանակը թալանելու, այլ Մարտի 1-ի գործով, որը թալանի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի: Իսկ Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց ոչ թե պատկան մարմինների, այլ Քոչարյանի արձագանքը, ով նույնպես դատի տվեց վարչապետին:
Իշխանության տարբեր շրջանակներ էլ հրապարակային հայտարարում էին, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կարող է այլ երկրի հատուկ ծառայության գործակալ լինել: Բացի այդ, հնչում էին կարծիքներ, որ վերջինս երկրում հեղաշրջում էր նախապատրաստում և դրանով է պայմանավորված իր հրաժարականը: Ի՞նչ է սա, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին: Սակայն անգամ այս հայտարարությունների հետքերով պատկան մարմինները չգնացին: Ստացվում է՝ նման պնդումները ունեին քաղաքական ենթատեքստ և նպատակը՝ Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության վրա ստվեր գցելն էր:
ՀՀ կառավարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս բանտարկյալների առողջական վիճակը՝ բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի: «Ես կցանկանայի ասել, որ դուք ավելի լավ մոմ եք վաճառում, հոգ տանում եկեղեցու բիզնեսի մասին։ Մի խառնվեք պետության գործերին: Միգուցե մի օրմեզ արժանի Կաթողիկոս ունենանք», - գրել է ՀՀ կառավարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահը Ֆեյսբուքի իր էջում: Այսինքն՝ Սաֆարյանը Կաթողիկոսին մեղադրել էր մոմի բիզնես անելու մեջ. ստուգվե՞լ է հանցագործության մասին այս հաղորդումը: Թերևս, ոչ: Իսկ հայտարարությունը արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Գարեգին Բ-ն հանդես էր եկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարությամբ:
Թերևս, վերջին գլուխգործոցն էլ երեկ էր, երբ մամուլում ոմն Նժդեհ Նժդեհ Հովսեփյանը, ով աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում, հայտարարել է՝ փորձում են Գրիգորի Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել։ Թե ինչպես կորպուսի հրամանատարը կարող է նման կայսերական ծրագիր իրագործել՝ գիտեն, թերևս, միայն Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատողները, սակայն հարցը ավելի խորքային է. սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին, որի հետքերով պատկան մարմինները չեն գնում, իսկ դա էլ նշանակում է սա ոչ այլ ինչ է, քան սահմանը պահող զինվորին, սպային, գեներալին վարկաբեկելու էժանագին փորձ: