Ազատության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Հանրահավաքին ելույթ են ունենում 17 կուսակցություններից տարբեր անդամներ։«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ելությում ասաց․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում, Արցախում և սփյուռքում մեզանից յուրաքանչյուրը, այս օրերին մեծ ցավ ապրելով, պատգամ ունի։ Մենք շատ լավ հասկանում ենք՝ այս օրերի ընթացքում ինչ դավաճանական գործողություններ են տեղի ունեցել, ապագայում մենք նաև հնարավորություն ենք ունենալու մանրակրկիտ ամբողջ աշխարհին տեղեկացնելու, թե ինչ պետք էր անել ու ինչ չի արվել։ Մոնթեն հստակ պատգամ է թողել՝ սուգը հավերժ է, եթե չկա պայքար, այո՛, պայքար նաև խաղաղ ժամանակահատվածում, պայքար որպեսզի կարողանանք բեկումնային փոփոխություն մտցնել։ Ցավոք սրտի, շուրջ 2,5 տարի ՀՀ-ում ձևավորվեց կեղծ օրակարգ, մեզ՝ հայերիս, ներկայացնելով, թե երկրի թիվ մեկ խնդիրը Ստամբուլյան կոնվենցիան է, իսկ այդ ընթացքում ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով ընտանիքի ինստիտուտն էին խարխլում, եկեղեցին էին քննադատում, պատմության հիմնախնդիրներն էին խարխլում, ի՞նչ էիք ուզում սերմանել մեր ժողովրդի մեջ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։

Նա իր ելույթում նաև նշեց, որ պարտված անձը, պարտված պաշտոնյան, ձախողված, բացթողումների մեջ թաղված անձինք իրավունք չունեն պաշտոն զբաղեցնելու և ՀՀ ներկայացնելու․ «ՀՀ-ն երբեք ծնկի չի եկել, անգամ, ամենաբարդ իրավիճակներում կարողացել է ելքեր փնտրել։ Քաղաքական գործիչների, անձամբ իմ նկատմամբ քրեական գործեր հարուցելով, հետապնդումներ կազմակերպելով, սադրելով ինչի՞ եք հասնելու, որքան եք պառակտելու մեր փոքր ժողովուրդը։ Մենք դա թույլ չենք տալու, պետք է հեռանաք ,մենք միավորվելու ենք և մեր միասնական նպատակները ձևակերպելու ենք և հաջողելու ենք։ Թուրքը, թշնամին երբեք չի կարողանալու այս տարածաշրջանում իր նպատակները իրականացնել։ Ձեր գնահատականը մեկն է, պետք է մեկ օրակարգի շուրջ նստեք, առանց ցնցումների, խաղաղ բանակցություններով, անցնցում իշխանությունները հանձնեք։ Մեկ բան է հստակ, որ ուժերն էլ, որ գան, դուք թողել եք շատ բարդ վիճակ, և դուք եք այսօր պաշտոնի կռիվ անում։ Փորձում են ներկայացնել Հայաստանին, որ 50 մլրդ․ տույժ վճարի, ո՞րն է մեր դիվանագիտական պատասխանը, ո՞ր սերունդներին եք թողնելու, թե՞ թողնելու եք փախնեք ձեզ բնորոշ ձևով։ ՀՀ-ից ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի կարողանալու փախնել, ով մեղավոր է եղել, պատասխան է տալու»,- ընդգծեց ԲՀԿ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: Վերջին 2 օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Երևանում տարբեր փողոցներ են փակել: