Երեկ տեղեկություններ էին տարածվել, թե 2020 թ. նոյեմբերի 25-ին ռուսական Արմենթել (Տելեկոմ Արմենիա) ընկերությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջոցով  ձեռք է բերել թուրքերը՝ ի դեմս Վիմպելկոմ ընկերության։ Այդ տեղեկությունների համաձայն՝ Թիմ ընկերությունը, Արմենթելը գրավադրելով, Ամերիա բանկում հանձնել է Վեոն ընկերությանը, որի գլխավոր տնօրենը 2020-ի մարտի 1-ին դարձել է ազգությամբ թուրք, թուրքական Turkcell-ի նախկին գլխավոր տնօրեն Քաան Թերզիօղլուն (Kaan Terzioğlu) է։ Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել հայ հասարակության շրջանում այն առումով, որ ազգությամբ թուրքը ունեցել է հայկական կապի միջոցների հասանելիությունը և գաղտնալսումները չեն բացառվում։ Ավելին, սրանով պայմանավորված՝ համացանցում օգտատերեը սկսել են գրառումներ կատարել, որ իրենք հրաժարվում են Բիլայնի ծառայություններից։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տելեկոմ Արմենիա ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն ասաց, որ տեղեկության իսկությունը ճշտելը շատ հեշտ է. «Մենք հայտարարություն տարածեցինք և մարդկանց ասացինք, որ դա ապատեղեկատվություն է, որ պանիկան արհեստական է ստեղծված մեր շուրջ։ Եթե այդ մարդիկ թուրք են և ղեկավարել են Վեոն Արմենիայի մայր կազմակերպությունը, դա ուրիշ հարց է, բայց այն, որ հիմա Բիլայն բրենդի տակ գործող Տելեկոմ Արմենիա ընկերությունը 100% հայկական է և 100% բաժնետոմսերը գրավադրված են բանկում, փաստում է, որ նման բան չկա»,- պարզաբանեց Աշոտ Բարսեղյանը՝ նշելով, որ ամբողջ ինֆորմացիան հասանելի է համացանցում։ 
 
Հարցին, թե արդյոք այս ընթացքում Բիլայնի բաժանորդների կողմից բոյկոտ նկատե՞լ են, ունեն տվյալներ, թե քանի՞ բաժանորդ է հրաժարվել ընկերության ծառայություններից, Աշոտ Բարսեղյանը նշեց՝ նման միտում չկա։ 

Նշենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել Վեոն Արմենիա ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել Տելեկոմ Արմենիա ՓԲԸ, իսկ ԹԻՄ ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ucom ընկերության բաժնետերեր Եսայանները տարաձայնություններ էին ունեցել ընկերության մյուս` ավելի մեծ բաժնեմաս ունեցող, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, ինչի հետևանքով նրանք հեռացան Ucom-ից և հիմնադրեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը և հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Բիլայն»-ը գնելու համար: Ի վերջո, հոկտեմբերի 28-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էր տվել «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («Բիլայն») ձեռքբերման գործարքին։

Ստորև ներկայացնում ենք քաղվածք համացանցի քննարկումներից։