Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում ներկայացրել է դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մանրամասները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերի ողջ սպեկտրը: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։  Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Հայաստանի ԱԳՆ-ի միջեւ 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:

 

«Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, տարածաշրջանում հումանիտար օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը կքննարկվի նաև ս. թ. նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի' ս. թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ եւ գործակալություններ:

Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը միտված է քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում' հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: